Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Թամանյանի Երևանը վերջացավ, երբ «Փողի վրա նստած` փող եք ուզում» կոչը հնչեց»

«Թամանյանի Երևանը վերջացավ, երբ «Փողի վրա նստած` փող եք ուզում» կոչը հնչեց»
24.04.2009 | 00:00

«ՓՈՐՁՈՒՄ ԵՄ «ՄԻ՛ ԴԱՏԻՐ, ՈՐ ՉԴԱՏՎԵՍ» ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ՀԱՍԿԱՆԱԼ ՄԱՐԴԿԱՆՑ»
«Իրավունքը de facto»-ի հյուրն է դրամատուրգ ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ
-Ձեր կարծիքով` ո՞վ եք Դուք:
-Մի մարդ, որ կարող է օրը երեք անգամ խոստանալ, թե վաղվանից ճամպրուկը հավաքում ու գնում է էս երկրից, ու օրվա մեջ չորս անգամ ինքն իրեն ասել` ի՞նչ ճամպրուկ, էս երկիրը` չգիտեմ, բայց դու ունես երկիր, քո երկիրը, ու եթե քո պապի պապը 1828-ին թողեց իր երկիրը, եկավ Ջավախք, եթե քո նախնիները մինչև քո հայրը հավատարիմ մնացին Ջավախքի հողին, և դու, որ հերթական անգամ թողեցիր քո փոքրիկ հայրենիքը, բայց ունես մեծ արդարացում` քո ամուսնու հետևից եկար քո մեծ հայրենիքը, դու էլ ո՞ւր գնալու տեղ ունես, քո հետևում ունես դավաճանության մեղքը, այդ խարանը մինչև ո՞ւր ես տանելու, դու մնալու ես այստեղ: Այսպես ինքն իր հետ կռվող, ինքնակերության լավագույն ավանդույթներով օրն անցկացնող, իմ երկրի, իմ քաղաքի ամեն օրով ապրող մեկը, որը, բնականաբար, նաև լիարժեք մարդ է, լիարժեք կին է` իր ընտանեկան հոգսերով, ստեղծագործական հոգսերով: ՈՒ` այս վերջին տարին գերակշռում է քաղաքացի լինելու զգացողությունը:
-Ինքնակերության այդ քացախի սինդրոմն ի՞նչ է տալիս` կյա՞նքն է դառնում ավելի ներդաշնակ, ստեղծագործությո՞ւնն է դառնում ավելի տարողունակ, թե՞ ընդամենն ինքնակերություն է ու վերջ:
-Ինչի՞ սինդրոմը:
-Քացախի, որ միայն ինքն իրեն է քայքայում: Համարյա ազգային բնավորության պես:
-Ստեղծագործողի ինքնակերություն է, երբ հերթական պատմվածքը կամ պիեսն ավարտելուց հետո առաջին մեկ-երկու րոպեն ինձ հրաշք եմ զգում, հետո գալիս է` «Էս ինչո՞վ եմ զբաղված, իրավունք ունե՞մ, թե՞ ոչ» հարցի պահը։ ՈՒ այդ ինքնակերությանը հակադարձող ուժով հաջորդ գործին եմ անցնում` դա շատ լավ ինքնակերություն է: Իսկ քացախը, հա, քացախ է, և այդ քացախի մեջ կա և՛ անզորությունը, և՛ չարացածության վախը։ Ես մեղավոր չեմ, որ այսօր քացախի զգացողությունն ունեմ: Եթե սեփական հայացքների համար մարդկանց ձերբակալում են, ու դատավարություններին որպես վկա բերված գժերն ու բոմժերը հաստատում են չեղած մարդու գոյությունը Մյասնիկյանի արձանի մոտ, պատմում են` ինչպես են «Կոնգրես» հյուրանոցի մոտից տեսել Մաշտոցի պողոտայի խանութների թալանը, ի՞նչ կհրամայեք` չքացախանա՞լ։ Առայժմ սալաքար առնելու ու փողոց ելնելու ցանկություն չունեմ, ոչ էլ ուժ, անտարբեր լինել իմ տեսակը չի կարող: Ունեմ այնպիսի արվեստագետ ընկերներ, որ փակում են տան դուռը, ու վերջ` նկարում են, գրում են, նվագում են։ Մի տարուց ավելի է` չեմ կարողանում պիես գրել, որովհետև մարտի 1-ը ինձ հետապնդում է, փորձում եմ գրել այդ մասին: Չէի ասի` չի ստացվում, բայց շատ դժվար է ստացվում, և խնդիրը գրելու վարպետությունը չէ, երբ գիտես` որ բառից հետո ինչ ես գրելու, ինչ շրջադարձ պիտի անես, ուր պիտի տանես սյուժեն։ ՈՒ քանի դեռ որևէ քայլի չեմ կարող դիմել ու չեմ կարող անտարբեր մնալ, իմ մեջ քացախանում եմ, բայց սա այն քացախն է, որ հետո դառնում է այն սպիրտը, որը բռնկվում է:
-Մտավորականն այսօր որտե՞ղ պիտի լինի` մարդու կողքի՞ն, թիկունքի՞ն, թե՞ առաջնորդի նրան: Թե՞ պիտի դուռը փակի ու զբաղվի իր գործով, որ պակաս կարևոր չէ:
-Այո՛, ես անթաքույց նախանձով եմ վերաբերվում նրանց, ովքեր կարող են դուռը փակել ու իրենց գործով զբաղվել: Կուզենայի, բայց, փա՜ռք Աստծո, չի ստացվում: Երևի տարիների հետ մարդն իրոք փոխվում է. մի 15 տարի առաջ այդ հարցին մաքսիմալիստական պատասխան կտայի, թե բոլորը պիտի լինեն մի տեղում, հիմա փորձում եմ «Մի՛ դատիր, որ չդատվես» սկզբունքով հասկանալ մարդկանց, ովքեր օպերայի հրապարակում հավաքվածներին «խուժան» էին անվանում: Եթե չեմ հասկանում, չի նշանակում` չեմ հանդուրժում: Նրանք այդ կարծիքն ունեն, այդ կարծիքը ես կհարգեմ այնքան, քանի դեռ չարիք չի դառնա բոլորիս համար: Բայց այսօր դարձել է չարիք: Մարտի 1-ը եղավ: Երկրորդ օրը բոլոր ստեղծագործական միությունների անդամներով հավաքվում և հայտարարություն են անում` անկախ ամեն ինչից, մենք չենք ընդունի, որ Երևանի փողոցներում հայի ձեռքով հայ մահանա, սա հանցագործություն է հայի նկատմամբ, Հայաստան պետության նկատմամբ: Ընդամենը դա էր պետք, որից հետո այս աբսուրդը, այս ֆանտասմագորիան կլինե՞ր։ Պատասխանատվության խնդիրն է առաջ գալիս, ու այս պահին ավելի շատ հարգում եմ դուռը փակածին, որը գոնե պատասխանատվություն չստանձնելու ազնվությունն ունի, իսկ այն մտավորականը, որ չի տեսնում հուսահատությունից պատեպատ խփվող իր ընթերցողին, իր ունկնդրին, իր ակնդրին, չի տեսնում, որ նա երկփեղկվել է, երկիրը երկփեղկվել է, և դիֆիրամբներ է երգում իշխանությանը, նա պատասխանատու է իր սերունդների առաջ: Ես նրան չեմ դատում, ես դատելու իրավունք չունեմ, նրան վաղվա իր սերունդներն են դատելու` համոզված եմ:
-Բայց կյանքն այսօր է, նա ապրում է այսօր, վաղվա պատասխանատվությունը ապրիորի է: Եթե այդ մտավորականի որակը լիներ Հայաստանում գերակշռող, ուղղակի այս աբսուրդն ու ֆանտասմագորիան չէին լինի:
-Պարույր Սևակը մարտի 1-ից հետո ի՞նչ կաներ:
-Չգիտեմ, գիտեմ` ինչ կաներ Եղիշե Չարենցը:
-Սևակը կաներ այն, ինչ Չարենցը:
-Ի՞նչ է այսօր նշանակում կուսակցականություն: Այս ափաչափ երկրի համար այսքան կուսակցությունների առկայությունը ճի՞շտ է:
-Ընտանիք կա` բոլորը մի կուսակցությունից են, ընտանիք կա` ամեն անդամը մի կուսակցությունից։ Սա ժամանակի ու հասարակական զարգացումների հետ է կապված, հասունության խնդիր է, հազիվ թե մենք ենք հեծանիվ հնարելու, երկիրը պետք է ունենա երկու կուսակցություն. մեկը` իշխող, մեկը` ընդդիմադիր: Հայկական մենթալիտետն է թելադրում ընտանիք-կուսակցությունների, թայֆա-կուսակցությունների գոյությունը։ Իմ կարծիքով` լիբերալ հայացքներ դավանող կուսակցությունները, ի վերջո, պետք է հավաքվեն մի կողմում, մյուս կողմում` սոցիալական խնդիրներ դնող մարդկանց գաղափարական միավորում կարող է լինել, հետո էլի կլինեն խմորումներ, բայց, կարծում եմ, վերջը երկու կուսակցություն է լինելու:
-70 տարի ապրում էինք մի կուսակցության առկայությամբ, հետո հին երկիրը փլուզվեց, նոր երկիրն արդեն բազմակուսակցական համակարգի արտոնություն տվեց ու կուսակցությունները` ինչպես ձախության մանկական հիվանդություն, աճեցին...
-Նորմալ էր, նորմալ գործընթաց էր։
-...Նորմալ էր որոշակի ժամանակի մեջ:
-Սա արհեստական վիճակ է, արհեստականորեն են քաջալերվում այսքան կուսակցությունները: Այնքան հեշտ է օրենսդրորեն կարգավորել ու գրպանի կուսակցությունների հարցը փակել, բայց այդ իրավիճակն իշխանությանը պետք չէ: Բաժանիր, որ տիրես։
-Իսկ համերաշխությո՞ւնը, միասնականությո՞ւնը, ազգային գաղափարախոսությո՞ւնը, որի մասին բոլորը լսել են, բայց տեսնող չի եղել։
-Ազգային գաղափարախոսությունը` երբ երկրում ապրող ամեն մի քաղաքացի իրեն զգում է երկրի քաղաքացի:
-Ընդամե՞նը:
-Սեփական երկրում նորմալ, արժանապատիվ ապրելու բանաձևն է ազգային գաղափարախոսությունը: Մի երկու օր առաջ մի կլոր սեղանի ժամանակ փորձում էին համոզել` թուրքերը վատն են, որովհետև իրենց ազգային-պետական շահերը գերադասում են այս տարածաշրջանի շահերից: Աբսուրդ: Ցանկացած պետության խնդիրն է` սկզբում իր շահը:
-Ի՞նչ է նշանակում Հայաստանն այսօր, և ի՞նչ է նշանակում Թուրքիան այսօր, ի՞նչ են նշանակում հայ-թուրքական հարաբերությունները այսօրվա կտրվածքով: Հրանտ Դինքի սպանությունից հետո «Ես Հրանտ եմ» ակցիան, 30000 թուրքերի` «Ներեք մեզ, հայեր» մեղայականը Թուրքիայի պատմության մեջ աննախընթաց իրադարձություն չե՞ն... Մարդկանց մեջ արթնացած մա՞րդն է, թե՞ ինչ-որ մեկի կողմից հմուտ կառավարվող գործողություն։ Պատմության վերաիմաստավորման ինչ-որ պա՞հ է։ Մեծերի խաղե՞ր են փոքրերիս հաշվին: Ի՞նչ է կատարվում։
-Մենք այսօր այլ Հայաստան ենք, նրանք այլ Թուրքիա են: Դիվանագիտություն, պետության ճանաչում, թե սահմանի բացում` ինչի մասին էլ մենք խոսենք, ինձ համար մի չափանիշ կա: Համարյա 200 տարի կլինի, որ ես հայրենիք չունեմ, իմ էրգիրն իմը չէ, բայց ցավը մնում է ու դեռ մնալու է: Ինձ համար ցանկացած բանակցության թեմա նշանակում է` առաջին հարցը դրված է` ցեղասպանության ճանաչում, սահման կբացեն, չեն բացի, ես անտարբեր եմ: Պետությունը կճանաչեն, չեն ճանաչի, դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն, չեն հաստատի, Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման միակ կետը դա է` կճանաչե՞ս, որ ցեղասպան ես, կընդունե՞ս քո մեղքը իմ առաջ` իմ պապերի համար, մնացածը կգնա իր ընթացքով, չե՞ս ընդունի, ես քեզ հետ խոսելիք չունեմ: Ես այս պատասխանը կտայի 20 տարի առաջ, 15 տարի, 10, այսօր էլ, ցեղասպանությունն առաջին տեղում պահելով, կհարցնեի` հնարավո՞ր է արտաքին աշխարհի հետ նստել, քո ցավը, պատմությունը քննարկել, երբ թիկունք չունես։ Այսօր բարոյական միակ քայլը` քո երկրի ներքին կյանքը բեր համաձայնության, հետո անցիր արտաքին մարտահրավերներին: Եթե այսօր տարբեր տրտունջներ են հնչում` թուրքական դիվանագիտության մեջ մենք պարտվել ենք, նահանջով ենք սկսել, մեզ պատին են դեմ տվել, գուցե հասարակական շարժում ստեղծեն, և հասարակությունը պահանջի` ձեռքերդ հեռու մեր ցավից, քանի այսօրվա ցավը չենք դարմանել:
-Գեղեցիկ է, բայց այդ ամենը հուզական դաշտում է, քաղաքականության մեջ հույզերը հաշիվ չեն:
-Այդ պատճառով էլ ես քաղաքական գործիչ չեմ:
-Դու հայրենիք կորցրած մարդ ես: 200 տարի առաջ: 200 տարին բավական ժամանակ էր հուզական դաշտից դուրս գալու ու գոնե զուգահեռ բանականության դաշտում հարցը քննարկելու: Իսկ եթե Թուրքիան ինքն իրենից հասուն գտնվի ու ասի` ընդունում ենք, որ մեր նախնիները սպանել են ձեր նախնիներին, կներեք մեզ: Ի՞նչ ենք անելու, ասելու ենք` դե լա՞վ: Եղավ...
-Գերմանիան, որ ընդունեց հրեաների ցեղասպանությունը, ի՞նչ եղավ։ Շարունակեցին նորմալ, առանց մեղքի գիտակցության իրար հետ ապրել: Ես էլ եմ նույնը ուզում, ինձ փոխհատուցում պետք չէ, ինձ պետք է բարոյական հաղթանակ, չնայած բարոյական հաղթանակն ինձ համար ամենակասկածելի հաղթանակն է:
-Ի՞նչ է տալու այդ ամենակասկածելի հաղթանակը:
-Հարևանի հետ մնացած ճանապարհն անցնելու տեղ։
-Իրա՞վ, և դեպի ո՞ւր:
-Քաղաքականությունը «եթե»-ներ էլ չի ընդունում, մի տարի է` ֆուտբոլ ենք խաղում, տեսնենք` հետո ինչ կլինի։
-Ի՞նչ է ճգնաժամը Ձեզ համար, այսօր բոլորն ունեն իրենց մեկնաբանությունը:
-Առաջինը` ճգնաժամը գալիս է Հայաստան և խիստ զարմացած հարցնում` ինձնից առաջ ո՞վ է եկել, երկրորդը` ճգնաժամը գալիս է Հայաստան, հոգնած նստում` օֆ, տնից լավ տեղ չկա, երրորդը` ի՞նչ ճգնաժամ, հայերը լացելու նոր ձև են գտել։ Բոմժը բոմժին հարցնում է` օլիգարխ, միլիարդատեր, միլիոնատեր ծանոթ շրջապատումդ կա՞: Ո՛չ: Ոչինչ, շուտով կլինի։ Այս չորս անեկդոտը բավական է բնորոշելու և՛ ճգնաժամի ընթացքը, և՛ ճգնաժամում գտնվողների: Բոլոր ժամանակներում անեկդոտներում արտահայտվել է այն, ինչ հասարակությունը պաշտոնապես լռության է մատնել:
-Ճգնաժամերը հասարակության մեջ պարբերաբար կրկնվում են: «Դարձ ի շրջանս յուր» սկզբունքով։
-Երբ ճգնաժամը նոր էր սկսվում, Էրիխ Մարիա Ռեմարկի «Սև հուշասյուն» գիրքը նորից հանեցի գրադարակից, որ 20-30 ական թթ. Գերմանիայի մասին է, որ հասկանամ, թե մեր գլխին ինչ է գալու։
-Թեոդոր Դրայզերի «Ֆինանսիստը», «Տիտանը», «Ստոիկը»` Ֆրենկ Ալջերնոն Քաուփերֆուդի օրինակով, Ջեկ Լոնդոնի ստեղծագործությունների միջով մենք ճգնաժամն «անցել ենք» ուսանողական տարիներին, հիմա անցյալի այդ գրականությունը մեր կյանքի իրականության ու ժամանակի մեջ է հայտնվել: Մենք մեր կյանքի օրինակով կարող ենք հաստատել, որ նախքան ֆինանսատնտեսական ճգնաժամը հասարակության մեջ սկսվում է ոգու սով, կամաց-կամաց ճոխ սեղաններն էլ են դատարկվում, ընդհանրապես հասարակությունը կորցնում է իր արժեհամակարգի չափանիշը։ Այդպե՞ս է: Եթե այո, բարոյական կատարսի՞ս է պետք ճգնաժամից դուրս գալու, թե՞ տնտեսագետներն ու ֆինանսիստները կգտնեն ելքը։
-Եթե բարոյական արժեզրկումը ֆինանսականի է հանգեցնում, եթե նույնիսկ տնտեսական ճգնաժամը հաղթահարվի թվերով, հաշվարկներով, մինչև մարդն իր հոգուն չվերադառնա, ոչ մի նյութական բարեկեցություն նրան չի փրկի: Փողի համար մարդիկ պատրաստ են ամեն ինչի` սա է ճգնաժամը: 92-ին, երբ սև հացի համար հերթ էինք կանգնում ու բողոքում էինք, հաջորդ պահին էլ թե` մեր տղաներն այնտեղ դա էլ չունեն, էդ հացը ուրիշ բան էր դառնում, կարելի է ապրել մի կտոր սև հացով, կարելի է մի քանի օր սև հացն էլ չուտել, բայց... մթի ու ցրտի մեջ ապրում էինք լուսավոր ու տաք օրեր: Որովհետև ոգի կար մեջներս: Երբ կորցնում ես այդ ամենը, ճգնաժամը դա է: Բոլոր դեպքերում, թվերով ու տոկոսներով չենք դուրս գալու ճգնաժամից:
-Իսկ ե՞րբ ու ինչպե՞ս ենք դուրս գալու:
-Եթե իմանայի, Նոբելյան մրցանակն իմը կլիներ:
-Ո՞րն է Ձեր երազած Հայաստանը:
-Երևանը` մաքուր փողոցներով, ժողովուրդը խաչմերուկում կանգնած` սպասում է կանաչ լույսին, հոծ գծով մեքենաներ չեն անցնում, կանաչ լույսի տակ ոչ մի մեքենա չի քշում վրադ։ Ընտրության օրը գնում եմ ընտրատեղամաս, ձայնս տալիս եմ, դուրս եմ գալիս ու չեմ մտածում` սրանից հետո գլխիս ի՞նչ են բերելու...
-Ալեքսանդր Թամանյանը Երևանը նախագծելիս հաշվի էր առնում, թե քամիները որ կողմից են հիմնականում փչում և ինչպես տեղադրել շենքերը, Ալեքսանդր Թամանյանի Երևանից ի՞նչ է մնացել:
-Այն, որ Թամանյանը այդպես սիրել է Երևանը: Թամանյանը Երևանի ամեն մի քառակուսի մետրը սրտով է հաշվել, այսօր Երևանը քառակուսի մետրով են հաշվում: Տարբերությունը դա է: Թամանյանի Երևանը վերջացավ, երբ «Փողի վրա նստած` փող եք ուզում» կոչը հնչեց:
-Հավերժական քաղաք Հռոմում, որ ասում են` Երևանից փոքր է, 500 տարի չեն կառուցել այնպիսի շինություն, որ սուրբ Պետրոսի տաճարից բարձր լինի, ի՞նչ չեն հասկացել ճարտարապետությունից Բրամանտեն, Բրունելեսկին, Միքելանջելոն, որ չեն այլանդակել Հռոմը, որ հասկանում են Երևանում: Հանրապետության հրապարակի շրջակայքի կառուցապատումը գոնե կարող էր բարձրությամբ չգերազանցել Թամանյանի կառուցած շենքերը, որ անճոռնիության այդ ցուցահանդեսը չստվերեր մայրաքաղաքի սիրտը, ինչպես սիրում են ձևակերպել տոն օրերի համերգների ժամանակ:
-Չէր կարող, քանի այս քաղաքում կամակատարներն ավելի շատ են քաղաքացիներից:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 3042

Մեկնաբանություններ